Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

ՀՀ ֆինանսների նախարարությունը Երրորդ Հանրապետության ժամանակաշրջանում

 

Հայաստանի Երրորդ Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստեղծվել է Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ: Մեր նորանկախ պետության առաջին ֆինանսների նախարարն է եղել Ջանիկ Ջանոյանը, ով նաև 15 տարի անընդմեջ զբաղեցրել էր Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:

Ըստ Երրորդ Հանրապետության սահմանադրության՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

1997 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 10-ի ՆՀ 747 հրամանագրով, ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:

1999 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 15-ի ՆՀ 287 հրամանագրով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը բաժանման ձևով վերակազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության:

2000 թվականին, ՀՀ Նախագահի փետրվարի 28-ի ՆՀ 490 հրամանագրով, երկու նախարարությունները միաձուլման ձևով դարձյալ վերակազմակերպվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:

2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է ՀՀ ֆինանսների նախարարություն:

2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի ՆՀ-97-Ն հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել է և միացել ՀՀ ֆինանսների նախարարությանը:

2016 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-213-Ն հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է, ինչի արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն առանձնացել է նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարներն են եղել` Ջանիկ Ջանոյանը (18.09.1990-16.02.1993), Լևոն Բարխուդարյանը (1993-1997, 15.06.1999-11.11.2000), Արմեն Դարբինյանը (15.05.1997-10.04.1998), Էդվարդ Սանդոյանը (20.04.1998-15.06.1999), Վարդան Խաչատրյանը (11.11.2000-09.04.2008), Տիգրան Դավթյանը (21.04.2008-17.12.2010), Վաչե Գաբրիելյանը (17.12.2010-09.04.2013), Դավիթ Սարգսյանը (09.05.2013-26.04.2014), Գագիկ Խաչատրյանը (26.04.2014-20.09.2016), Վարդան Արամյանը (20.09.2016-12.05.2018), Ատոմ Ջանջուղազյանը (12.05.2018- 03.08.2021), Տիգրան Խաչատրյանը (03.08.2021-19.12.2022):

2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վահե Հովհաննիսյանը:

 

 

Խորհրդային Հայաստանի ֆինանսների

Ժողկոմ - ֆինանսների նախարարություն (1920-1990թթ.)

 

1920թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության հիման վրա ձևավորված ՀՍԽՀ ֆինանսների ժողկոմատը ֆինանսավարկային ընթացակարգերն ակտիվորեն օգտագործել է արտադրական ֆոնդերի ընդլայնման ու նորացման, ամբողջ ժողովրդական տնտեսության կայուն ու հաշվեկշռված զարգացման, դրա առանցքային ճյուղերի ու օղակների, գիտության, մշակույթի, առողջապահության արագ զարգացման խթանման համար: Ազգայնացվել են մասնավոր բանկերը, հաստատվել է ՀՍԽՀ նոր ընդհանուր դրամական միավոր, սահմանվել են հարկման նոր ընթացակարգեր և այլն:

1921 թվականից Խորհրդային Հայաստանը անցել է նոր տնտեսական քաղաքականությանը (Նէպ), որն իր հերթին  փոխարինվել է «ռազմական կոմունիզմի» քաղաքականությամբ: «Ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը ՀԽՍՀ-ում տևել է ընդհուպ մինչև 1928 թվականը։

1921 թվականին կազմավորվել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պետական բանկը, որի գրասենյակներն ու բաժանմունքները  սկսած 1924 թվականից հիմնվել են նաև Խորհրդային Հայաստանում:

1922թ. սեպտեմբերի 6-ին Անդրկովկասյան դաշնության կազմավորման կապակցությամբ ՀՍԽՀ ֆինժողկոմատը վերացվել է և փոխարենը ստեղծվել է Անդրկովկասի դաշնության ֆինժողկոմատի ՀՍԽՀ լիազորությունը։

1925թ. դեկտեմբերի 14-ին ՀՍԽՀ ֆինժողկոմատը վերաստեղծվել է։

1946թ. մարտի 27-ին վերակազմավորված ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունը իրականացրել է մի շարք բարեփոխումներ,  որոնք մեծապես նպաստել են Խորհրդային Հայաստանի  տնտեսության զարգացմանը:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում (1918-1920թթ.)

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը հիմնադրվել է 1918թ. հուլիսի 24-ին, երբ Հայոց ազգային խորհուրդը կազմավորել է ՀՀ կառավարությունը: Խաչատուր Կարճիկյանը ստանձնել է ֆինանսների նորաստեղծ նախարարության ղեկավարի պաշտոնը։

Նախարարությունը ձևավորվել է Երևանի Հայոց ազգային խորհրդի ֆինանսական բաժանմունքի հիման վրա։ Նախարարության կազմում ընդգրկվել են Երևանի արքունական պալատը, ակցիզային տուրքի վարչությունը, հարկային տեսչությունը, մաքսային վարչությունը, Երևանի և գավառների գանձատները, երկրագործության և պետական գույքի Երևանի վարչությունը։

1919 թ. ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ վարչապետ և ՀՀ արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանի, ՀՀ տնտեսության զարգացման նպատակով թիրախավորել է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ստեղծել մատչելի պետական վարկեր՝ տնտեսության համար մեծ կարևորություն ունեցող մի շարք ձեռնարկությունների շահագործումն ապահովելու համար, ցուցաբերել պետական աջակցություն արհավիրքներից տուժած բնակչությանը, առավելագույնս խրախուսել մասնավոր կապիտալի ներհոսքը երկիր, կիրառել հարկման արդյունավետ ընթացակարգեր,  խրախուսել և զարգացնել կրթական մասնագիտական որակները: Ա. Խատիսյանի գլխավորած կառավարությունը ձեռնամուխ է եղել նաև Լոնդոնում հայկական դրամի տպագրությանը: Որոշ ժամանակ անց՝ վարչապետ Համո Օհանջանյանի օրոք, հարկային քաղաքականության բնագավառում կատարվել են փոփոխություններ, և ընդունվել է «Փոխառության մասին» օրենքը:

1920թ. օգոստոսի 6-ից Նախարարությունը վերանվանվել է Ելևմտից նախարարություն։

 

 

ՀՀ ֆինանսների նախարարներ

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան ստորագրել են ՀՀ և ԵՆԲ միջև ֆինանսական պայմանագրի և ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները

Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...