Hotline
Email
Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների կայունությունը բարելավելու նպատակով դրամաշնորհային ծրագիր է ստորագրվել
27.04.2020
Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների կայունությունը բարելավելու նպատակով դրամաշնորհային ծրագիր է ստորագրվել

ՀՀ ֆինանսների նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև ստորագրվել է 10 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային ծրագիր՝ Արարատի և Արմավիրի մարզերում արդի ոռոգվող գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կայունությունը բարելավելու նպատակով։

Դրամաշնորհային միջոցները ԶՖԳ-ին տրամադրել է Եվրոպական Միությունը՝ ԶՖԳ-ի ֆինանսավորմամբ ներկայումս իրականացվող 75 մլն եվրո արժողությամբ Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն ուղղված է ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից լրացնելու և զարգացնելու ընդհանուր ազդեցությունը:

Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության (4.4 մլն եվրո) և ներդրումների (5.6 մլն եվրո) միջոցով զարգացնել արդի ոռոգման համակարգը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի միավորման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները:

Ծրագիրն իրականացվելու է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն էականորեն խթանելու Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացմանը:

Ծրագիրն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (գյուղատնտեսության ոլորտ - 8.5 մլն եվրո) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ոռոգման ոլորտ - 1.5 մլն եվրո) և բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից և ենթաբաղադրիչներից։

Ծրագիրը կնպաստի ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված երկու հիմնական նախարարությունների միջև ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակներում բարելավված համակարգվածությանը և փոխգործակցությանը: