Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
2021թ.-ին՝ 4․8 տոկոս տնտեսական աճ․ Ազգային ժողովում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները
02.11.2020
2021թ.-ին՝ 4․8 տոկոս տնտեսական աճ․ Ազգային ժողովում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները։

Ֆինանսական գլխավոր փաստաթղթի մասին քննարկումների մեկնարկին ունեցած ելույթում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ և 2019 թվականին, և 2020-ին Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր, ինչը նրա խոսքով, աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում:  «Ակնհայտ է, որ 2021թ.–ը լարված տարի է լինելու բոլորիս համար, բայց վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մեզ կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման ու դիմակայման ուղղությամբ, ինչպես նաև կապահովի մեր երկրի սոցիալ–տնտեսական կայունությունն ու անվտանգությունը», -նշել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը որակյալ, հաշվեկշռված տեսք ունի։

Ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի բովանդակությունը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ բյուջեի նախագիծը մշակվել է այն ժամանակ, երբ երկիրը պատերազմական իրավիճակում չէր և նաև համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում անորոշությունը շատ մեծ է։ Այդուհանդերձ, ըստ նախարարի, մշակվել է հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտա արագ վերականգնում ունենալ։

Այսպես, ընթացիկ տարում սպասվում է 6․8 % տնտեսական անկում:

Նախագծում որպես 2021թ.-ի տնտեսական աճի կանխատեսում է դիտարկվել 4․8 % ցուցանիշը, սակայն նախարարն ընդգծել է նաև՝ կան հաշվարկներ, որ այն կարող է լինել 4,6 %։ Միջին գնաճը 2021թ.-ին կանխատեսվում է 2․3 %-ի մակարդակում, որը 1․1 տոկոսային կետով բարձր է 2020թ.-ի սպասողականից:

Եկամուտները ծրագրվել են 1 տրիլիոն 569․1 մլրդ դրամ, ինչը 9․2 %-ով ավելի է 2020-ի սպասողականից և 0․2 %-ով ավելի է 2019թ․ փաստացի մակարդակից:

Ծախսերը ծրագրվել են 1 տրիլիոն 843․1 մլրդ դրամ, այն 1․2 %-ով ավելի է 2020թ․ սպասողականից և 13․1 %-ով ավելի է 2019թ․ փաստացի մակարդակից, դեֆիցիտը (պակասուրդ) 2021թ.-ին ծրագրվել է 274 մլրդ դրամ, ինչը 40․3 %-ով պակաս է 2020թ․ սպասողականից, իսկ 2019թ.-ի փաստացի մակարդակը գերազանցում է 4․3 անգամ։

2021թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 23․3 տոկոս, որը 2020թ․ սպասողականից բարձր է 0․3 %-ային կետով, իսկ 2019թ․ փաստացի մակարդակից ցածր է 0․5 %-ային կետով։ 2021թ. պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 27.4 %, որը 2020թ․ սպասողականից ցածր է 1․7 %-ային կետով:

Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, պետական բյուջեից 215 մլրդ դրամ նախատեսված է կապիտալ ծրագրերի իրականացմանն ուղղված ծախսերի համար, իսկ մնացած շուրջ 1 տրիլիոն 628 մլրդ դրամը կօգտագործվի ընթացիկ ծախսերի համար։

2021թ․ պետական բյուջեի նախագծով, կանխատեսվում է 4 տրիլիոն 486 մլրդ դրամ պետական պարտք, որը 4․1 %-ով ավելի է 2020թ․ սպասողականից և 27․7 %-ով ավելի է, քան 2019 թվականի փաստացին էր: Արտաքին պետական պարտքը կկազմի 3 տրիլիոն 247 մլրդ դրամ, որը 1 %-ով պակաս է 2020թ․ սպասողականից, սակայն 17 %-ով ավելի է, քան 2019թ․ փաստացին էր:

«Քանի որ մենք 2020 թվականը համարում ենք ճգնաժամային, ինչպես նաև չենք համարում, որ 2021 թվականին անմիջապես տեղի է ունենլու վերականգնում, ապա դրանով պայմանավորված ունենալու ենք պարտքի աճ», -ընդգծել է նախարարը։

Բյուջեի նախագծի բովանդակությունը ներկայացնելուց հետո ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...