ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
09.02.2021
ՀՀ ֆինանսների նախարարը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Նախարարը, բարձր գնահատելով երկկողմ համագործակցության մակարդակը, անդրադարձել է համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ՀՀ-ին հաջողվել է պահպանել մակրոֆինանսական կայունությունը՝ չնայած ճգնաժամային պայմաններին: Առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում նախարարը, մասնավորապես, կարևորել է պետական ինստիտուտների դերը և կարողությունների շարունակական զարգացումը:

Անդրադառնալով ֆինանսական և տնտեսական մարտահրավերների վերաբերյալ դեսպանի հարցադրմանը՝ նախարարն ընդգծել է, որ այդ համատեքստում կառավարության հիմնական նպատակներն արտացոլված են պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության մեջ: Նախարարը կարևորել է նաև մարտահրավերներին դիմագրավելու հարցում կողմերի ջանքերի համադրումը:

Միաժամանակ, բարձր է գնահատվել ԱՄՆ ՄԶԳ ներգրավվածությունը ՊՖԿ ռազմավարության իրականացմանն աջակցելու գործընթացում: Նախարարը նշել է, որ հայկական կողմի համար առանցքային է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի խթանման տեսլականը, որը պետք է միտված լինի ներառական աճի ապահովմանը՝ ընդգրկելով բոլոր ոլորտները:

Դեսպանն իր հերթին առանձնացրել է պետական-մասնավոր համագործակցության, պետական ներդրումների կառավարման և պետական գնումների ոլորտները և նշել, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է աջակցություն տրամադրել նշված ուղղություններով: 

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը նշյալ բոլոր ուղղություններով: