Մայիսի 29-30-ը Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում, Ասիական զարգացման բանկի գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IPSAS Board) կողմից մշակված 2019-2023թթ. ռազմավարության նախագծի կլոր սեղան քննարկումը:
Ի թիվս Ասիական զարգացման բանկի անդամ հանդիսացող բազմաթիվ երկրների՝ քննարկմանը իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության ներկայացուցիչները:
Կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են ռազմավարության նախագծի հետևյալ հիմնական բաժինները՝ hանրային հատվածին ներհատուկ հարցերի առնչությամբ նոր ստանդարտների մշակումը, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների՝ ՖՀՄՍ-ներին համապատասխանության ապահովումը, ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների ավելի լայն կարիքները բավարարող ուղեցույցերի մշակումը, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ընդունման և իրականացման գործընթացների առաջխաղացումը և հանրությանը հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման առավելությունների ներկայացումը՝ պետական ֆինանսների արդյունավետ կառավարման համատեքստում:
Աշխատաժողովի մասնակիցները կարևորել են Ասիական զարգացման բանկի անդամ հանդիսացող զարգացող պետությունների համապատասխան պետական պաշտոնյաներին ընձեռված հնարավորությունը մասնակցություն ունենալ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների մշակման գործընթացին, ինչպես նաև ձեռք բերել արժեքավոր տեղեկատվություն՝ մասնակից մի շարք երկրներում բարեփոխումների իրականացման ընթացքի և արդյունավետության վերաբերյալ: