Անձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործման ուղղությամբ ՌԴ ֆինանսների նախարարության հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության ծրագրի շրջանակներում վերջերս ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը եղել է Մոսկվայում, մասնակցել Եվրասիական հարկային շաբաթի ընթացքում կայացած հանդիպումներին:
Եվրասիական հարկային շաբաթվա շրջանակներում կայացած մի շարք համաժողովների ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության (հատկապես միջազգային հարկային քաղաքականության) արդի զարգացումները և դրանց արձագանքելու հնարավոր ուղղությունները։ Խոսքը հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) շրջանակներում էլեկտրոնային առևտրի և անդրազգային կազմակերպությունների հարկման կանոնների վերանայման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների մասին է։
ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը «Միկրոձեռնարկատիրության հարկումը» խորագրով համաժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի առանձնահատկությունները։ Համաժողովի ընթացքում մանրամասն քննարկվել է նաև միկրոձեռնարկատիրության հարկման ռուսական փորձը։
ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական կենտրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Կենտրոնի մասնագետների քննարկմանն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված կրկնակի հարկումը բացառող ՀՀ մոդելային համաձայնագրի նախագիծը։
Կազմակերպվել է նաև մասնակիցների այցելությունը ՌԴ ֆինանսների նախարարություն, որի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նախարարության հարկային քաղաքականության վարչության պետի տեղակալ Նադեժդա Կուզմինայի, միջազգային հարկային հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ալեքսանդր Սմիրնովի և ԱԱՀ-ի գծով հարկային քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Աննա Լազավայայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության արդի հարցեր, հատկապես քննարկվել է միջազգային հարկային քաղաքականության շրջանակներում ՌԴ փորձը՝ կապված նոր երկրների հետ (օրինակ՝ Ճապոնիայի հետ) կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կնքելու հետ։
Բացի այդ, տեղի են ունեցել հանդիպումներ նաև ՌԴ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հարկային քաղաքականության ծրագրերի ղեկավար Լևոն Հայրապետյանի և կենտրոնի մի քանի այլ մասնագետների հետ: Նրանց հետ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հարկային խթանների՝ ՌԴ-ում գործող համակարգը և հատկապես համաճարակի ընթացքում այդ խթանների համակարգում կատարված բարելավումները։
Հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել նաև Ernst & Young խորհրդատվական, DLA Piper միջազգային իրավախորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Իրինա Խավանովայի հետ