Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ Ազգային ժողովի նիստում ներկայացվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
13.11.2018
ՀՀ Ազգային ժողովի նիստում ներկայացվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բյուջեի նախագծի կազմման գործընթացում հաշվի են առնվել տնտեսական միջավայրը և կանխատեսվող տնտեսական իրադարձությունները:

Նա ընդգծել է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2018 թվականին կկազմի 4280 դոլար, իսկ 2019 թվականին, ըստ կանխատեսվող գնահատականների, կկազմի 4604 դոլար:

Նախարարի պաշտոնակատարն, անդրադառնալով բյուջեի նախագծում հարկային քաղաքականությանը, նշել է, որ առաջիկայում նախատեսվում է հարկային բեռի նվազեցում, համակարգի պարզեցում, արդարության սկզբունքի ներդրում, կարճաժամկետ հատվածում բյուջեի վրա ազդեցության չեզոքության ապահովում, ինչպես նաև եկամտահարկի դրույքաչափի նվազեցում:

Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ արտահանելի հատվածում երկրի մրցունակության աճն ապահովելու համար անհրաժեշտ է գործարար գրավչության աճ, անհավասարության մակարդակի նվազեցում և հարկային համակարգի պարզեցում:

2019 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի շուրջ 70 տոկոսը օրենքով սահմանված պարտավորությունների իրականացման համար է, մոտ 9 տոկոսը  կառավարության որոշումներից բխող պարտավորություններ են, 11 տոկոսը՝ միջազգային պարտավորություններ, և 10 տոկոսը պետական բյուջեի հայեցողական մասն է:

«Բյուջեի նախագծի հիմքում առկա ֆիսկալ քաղաքականության շնորհիվ պահպանվում է ոսկե կանոնը, ըստ որի՝  կապիտալ ծախսերը  գերազանցում են դեֆիցիտը, և առկա է պարտքի կայունացման միտում»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՆԱ-ի մեջ կապիտալ ծախսերը կկազմեն 3.2 տոկոս, պակասուրդը՝ 2.2 տոկոս: Ընթացիկ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 21.1 տոկոս, հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 20.7 տոկոս. նախորդ տարվա համեմատ գրանցվել է 0.4 տոկոսային կետով աճ:

2019 թվականին բյուջեի դեֆիցիտը կկազմի 151,6 միլիարդ դրամ, զուտ փոխառու միջոցների կանխատեսումը՝ շուրջ 225 մլրդ դրամ, 70 մլրդ դրամ կֆինանսավորվի ներքին աղբյուրներից ներգրավված պարտատոմսերի թողարկման միջոցով, իսկ 155 մլրդ դրամ՝ արտաքին վարկային միջոցների հաշվին:

Նախագծով նախատեսված 1 տրլն 642 մլրդ դրամ ծախսերից 1 տրլն 423 մլրդը կկազմեն ընթացիկ ծախսերը, իսկ 220 մլրդը՝ կապիտալ ծախսերը:

2019 թվականի պետական բյուջեի նախագծով ընդհանուր նշանակության պետական ծառայությունների համար նախատեսվել է 761 մլրդ դրամ, տնտեսական ծառայությունների համար՝ 162 մլրդ դրամ, սոցիալական ծառայությունների համար՝ 708 մլրդ դրամ:

2018 թվականի պարտք/ՀՆԱ հարաբերակցության սպասումը կանխատեսվում է շուրջ 50.6 տոկոս, իսկ 2019 թվականի համար՝ 49.7 տոկոս:

2019 թվականի պետական բյուջեի նախագիծն առաջին անգամ ներկայացվել է ծրագրային բյուջետավորման ձևաչափով:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)