Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
12.06.2024
ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է  ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Համաձայն հաշվետվության՝ 2023թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերը՝ 2,547,649,891.9 հազար դրամ, իսկ դեֆիցիտը՝ 188,866,285.5 հազար դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ 2023թ. ընթացքում ապահովվել է 2,222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է ՀՆԱ-ի 23.9 %-ը։ Եկամուտների 94.2 %-ը ձևավորվել է քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված հարկերի և տուրքերի միջոցով և գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը  0.7 տոկոսային կետով:

Ըստ նախարարի՝ հարկեր վճարելը ոչ միայն ուղղված է ֆինանսական կարիքները բավարարելուն կամ մեծացնում է քաղաքացիների մասնակցության չափը երկրի կառուցման գործընթացում, այլև հետապնդում է սոցիալ-տնտեսական արդարության վերականգնման նպատակ։ 0.7 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ բարելավումը նաև հարկային վարչարարության մեծ ջանքերի արդյունք է:

Նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հարկային արտոնությունների խնդրին և ընդգծել դրանց պատշաճ վերլուծության և հանրային քննարկման ենթարկելու անհրաժեշտությունը՝ պարզելու, թե արդյոք այդ արտոնությունների շարունակական կիրառությունը հիմնավորվում է արդյունավետության, արդարության և ներկայիս առաջնահերթ նպատակներին հասնելու համատեքստում:

Ֆինանսների նախարարը խոսել է պետական ապարատի արդյունավետության մասին: 2023թ. պետական ապարատի պահպանման ծախսերն՝ առանց ուժային կառույցների,  ընդհանուր ծախսերում կազմել են  5.9 %, ընդ որում՝ 2018 թ.-ից ամեն տարի նվազելով 6.5 %-ից:

2022թ. համեմատ 2023-ին, չհաշված ուժային կառույցները, պետական ապարատի աշխատակիցները նվազել են 168-ով կամ 1 %-ով, մինչդեռ ընդհանուր բյուջեի ծախսերն ավելացել են 13.6 %-ով: Այսինքն՝ ավելի քիչ մարդկային ռեսուրսներով իրականացվել են ավելի շատ ծրագրեր, և բաշխվել է ավելի շատ գումար: Սա կարող է վկայել պետական հատվածում արտադրողականության շարունակական աճի մասին:

Նախարարն անդրադարձ է կատարել արդյունավետ գնումներ կատարելու կարողության զարգացմանը: Նա նշել է, որ 2023թ. հրատապ մեկ անձով իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում  զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 %-ը՝ 2022թ.-ի 10 %-ի համեմատ: Մրցակցային ընթացակարգերի դերը ընդհանուրի մեջ աճել է՝ կազմելով 87.6 %՝ 2022թ.-ի 83 %-ի համեմատ: Այս միտումը շարունակվել է նաև 2024թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում․ ցուցանիշը աճել է մինչև 94.2 %՝ 2023թ.-ի նույն ամիսների 88.3 %-ի համեմատ:

Ֆինանսների նախարարությունը գնումների ընթացակարգերը պարզեցնելուն զուգահեռ ակտիվացրել է խորհրդատվական գործառույթը. տրամադրել է աջակցություն ավելի քան 1800 ընթակարգերի։ Արդյունքն այն է, որ մրցակցային ընթացակարգերում միջին մասնակցությունը աճել է 2022թ.-ի 1.9-ից՝ 2023թ. հասնելով 2.2-ի:

2023թ. կապիտալ ծախսերը  եղել են 2.6 անգամ ավելի, քան դեֆիցիտը: Հարկաբյուջետային քաղաքականության ուղղությանը համահունչ՝ 2023թ. արդյունքներով տեղի է ունեցել պետական բյուջեի ծախսերի կառուցվածքի բարելավում ընթացիկ ծախսերի նվազման և կապիտալ ծախսերի աճի տեսքով: Մասնավորապես՝ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ‑ի նկատմամբ կազմել է 21.8 %՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով, իսկ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 5.2 %` նախորդ տարվա համեմատ աճելով 0.6 տոկոսային կետով:

Նախարարի ներկայացմամբ՝ նախորդ տարի միջազգային վարկանշային բոլոր գործակալությունները դրական ուղղությամբ վերանայել են ՀՀ կառավարության սուվերեն վարկանիշը («Fitch» և «Standard & Poor’s» գործակալությունները մեկ աստիճանով բարձրացրել են վարկանիշը դեպի «BB-»` սահմանելով «կայուն» հեռանկար, իսկ «Moody’s» գործակալությունը վերանայել է վարկանիշի հեռանկարը «բացասականից» «կայուն»՝ վերահաստատելով այն «Ba3» մակարդակում), ինչը արտաքին միջավայրում տնտեսության դրական հեռանկարների հուսալի ազդակ է և վերահաստատում է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից տարվող մակրոտնտեսական քաղաքականության արդյունավետությունը։

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: