Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ վարչապետին գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թեկնածության առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է թեկնածուների ընտրության մրցույթ
18.03.2019
ՀՀ վարչապետին գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թեկնածության առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է թեկնածուների ընտրության մրցույթ

ՀՀ վարչապետին գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թեկնածության առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է թեկնածուների ընտրության մրցույթ:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքների քննումն իրականացնում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձը: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գնումների հետ կապված բողոքներ քննող անձն անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող մարմին է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով և իր պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ պաշտպանված է արտաքին ազդեցություններից: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բողոքներն ուսումնասիրում է պատշաճ մանրամասնությամբ և անաչառորեն: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ է գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից և պարտավոր է ղեկավարվել բացառապես գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ և կիրառել այն։

Թեկնածուները պետք է բավարարեն Օրենքի 48-րդ հոդվածով սահմանված հետևյալ պահանջներին. գնումների հետ կապված բողոքներ քննող անձ կարող է նշանակվել ՀՀ այն քաղաքացին, որն ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ) կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի լիազորությունների իրականացման առավելագույն տարիքը վաթսունհինգն է:

Հետաքրքրված թեկնածուները գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացվող պահանջները բավարարելու դեպքում կարող են մինչև սույն թվականի մարտի 25-ը դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն` goharik.hovhannisyan@minfin.am էլեկտրոնային փոստին` ներկայացնելով.

  • դիմում ՀՀ ֆինանսների նախարարի անունով,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները,
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • աշխատանքային գրքույկի պատճենը,
  • անձնագրի (նույնականացման քարտի) և սոցիալական քարտի պատճենները,
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Թեկնածուների ընտրությունը կատարվելու է հետևյալ կարգով՝

  • ս./թ. մարտի 27-ին անցակացվելու է գրավոր քննություն հայերենով` թեստավորման եղանակով, էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հիմք ընդունելով գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության հարցաշարը, որը հրապարակված է գնումների պաշտոնական տեղեկագրում՝ procurement.am www.gnumner.am:
  • գրավոր քննության արդյունքով առավելագույն միավորներ ստացած մասնակիցների հետ ս./թ. մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարի կողմից կանցկացվի ճանաչողական հարցազրույց,
  • գրավոր քննության և հարցազրույցի արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած անձանց թեկնածությունները ՀՀ ֆինանսների նախարարի կողմից կներկայացվեն ՀՀ վարչապետին՝ նախատեսելով, որ կախված ընտրության արդյունքներից, յուրաքանչյուր հաստիքի համար կառաջարկվի մեկից ավել թեկնածու:

 Ընդ որում՝ սույն գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարությանը չի պարտավորեցնում որևէ անձի ընտրության՝ թեկնածության առաջադրման կամ պաշտոնի նշանակման:

 Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել + 374 11 800 206 հեռախոսահամարով:

 

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)