ԹԵԺ ԳԻԾ
Իրականացվել են հակաճգնաժամային միջոցառումներ, արդյունքում կարողացել ենք ապահովել մարկրոտնտեսական կայունությունը. Ատոմ Ջանջուղազյան
01.06.2021
Իրականացվել են հակաճգնաժամային միջոցառումներ, արդյունքում կարողացել ենք ապահովել մարկրոտնտեսական կայունությունը. Ատոմ Ջանջուղազյան

Այսօր՝ հունիսի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնասժողովների նիստում մեկնարկել են «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Ներկայացնելով 2020 թվականի բյուջեի կատարման ընթացքը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ անցյալ աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններն ազդեցություն ունեցել են ինչպես բյուջեի կատարման ընթացքի, այնպես էլ դրա արդյունքների վրա:

«Այդուհանդերձ, մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ առումով պահպանել բյուջետային գործընթացի տրամաբանությունը, և մենք գործնականում չենք ունեցել որևէ չիրականացրած աշխատանք, որը կապված կլիներ բյուջեի հետ», -ասել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ որևէ իրավիճակում մակրոտնտեսական կայունությունը այլընտրանք չունի:

Նախորդ տարվա ընթացքում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու համար անհրաժեշտություն է առաջացել Բյուջեի մասին օրենքում կատարել փոփոխություններ՝ վերանայելով առաջնահերթությունները: Արդյունքում, հաշվետու տարվա ընթացքում վերանայվել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին:

Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63.5 տոկոս, պետական բյուջեի դեֆիցիտը՝ 5,4 տոկոս, ինչը, ըստ նախարարի պաշտոնակատրի, տրամաբանական է վերանայված հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում:

«Այսպիսի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման պայմաններում այլընտրանք, քան պարտքի կանխատեսվածից ավելի ներգրավում, պարզապես չկա: Իրականացվել են հավասարակշռված վերանայումներ, հակաճգնաժամային միջոցառումներ, ինչի արդյունքում հաջողվել է ապահվել և բացասական ազդեցության հնարավորինս մեղմումը, և մարկրոտնտեսական կայունությունը, որն այլընտրանք չունի հետագա զարգացման տեսակետից», -ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը:

Այսպիսով, 2020-ին Հայաստանի տնտեսությունը, կրելով համավարակի և Արցախյան պատերազմի բացասական ազդեցությունները, նվազել է՝ տարեկան արդյունքներով գրանցելով իրական ՀՆԱ-ի 7.6 տոկոս անկում: Ընդ որում, ՀՆԱ-ի անկումը պայմանավորված է եղել տնտեսության բոլոր ճյուղերի՝ ծառայությունների, գյուղատնտեսության, շինարարության և արդյունաբերության համապատասխանաբար 10.1 տոկոսով, 4.0 տոկոսով, 6.6 տոկոսով և 1.5 տոկոսով անկմամբ: Սպառման նվազումը կազմել է 10.2 տոկոս, հիմնական միջոցներում համախառն կուտակումը նվազել է 8.6 տոկոսով, արտահանումը՝  31.4 տոկոսով, ներմուծումը՝ 32.1 տոկոսով: