Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Լրագրողներին ներկայացվել են ֆինանսների նախարարության կողմից իրականացված բարեփոխումները
09.12.2019
Լրագրողներին ներկայացվել են ֆինանսների նախարարության կողմից իրականացված բարեփոխումները

Դեկտեմբերի 7-8-ը Հանքավանում ոլորտը լուսաբանող լրագրողների համար ՀՀ ֆինանսների նախարարությունը կազմակերպել էր սեմինար քննարկում, որի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. ռազմավարությունը», հանդես եկել ամփոփիչ ասուլիսով, իսկ նախարարության տարբեր ոլորտների պատասխանատուները ներկայացրել են տարվա ընթացքում իրականացված փոփոխություններն ու բարեփոխումները:

Կառավարության կողմից նոյեմբերի 28-ին հաստատված Ռազմավարությունը ներկայացնելիս, նախարարը մատնանշել է պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը, դրանց նպատակը և գործողությունների ծրագիրը:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի տեսլականը հանրության բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է, ինչի համար պետք է ապահովել հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:

Ըստ նախարարի, պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներից է հարկաբյուջետային կարգապահության բարձրացումը:

«Չնայած Ռազմավարությունը վերջերս է հաստատվել կառավարության կողմից, այդուհանդերձ, տարիներ շարունակ հարկաբյուջետային քաղաքականությունը դիտարկել ենք առաջնահերթություն: Բյուջեների նախագծերը ներկայացնելիս շեշտադրել ենք հենց հարկաբյուջետային քաղքականությունը, որովհետև ենթադրվում է, որ այն համարժեքորեն պետք է արձագանքի տվյալ ժամանակահատվածի տնտեսության կարիքներին: Առանց հարկաբյուջետային կարգապահության, այնպես, ինչպես առանց որևէ ոլորտում կարգապահություն ունենալու, հնարավոր չէ արձանագրել հաջողություն: Դա կարևորագույն նախադրյալ է», ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը:

Ռազմավարությունը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին:

ՀՀ ֆինանսների նախարարության Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է 2020 թվականի բյուջեի մակրոտնտեսական շրջանակը և հարկաբյուջետային քաղաքականությունը: Նրա ներկայացմամբ, 2020-ին կանխատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճ և այն հիմնականում կապահովվի ներքին պահանջարկի հաշվին, իսկ զուտ արտահանումը աստիճանաբար կբարելավվի: Է. Հակոբյանը ասել է, որ երկրում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է ապահովել մակրոտնտեսական կայունություն և տնտեսական աճ, եկամուտների վերաբաշխում և սոցիալական ապահովություն, հասարակական բարիքների տրամադրում, ինչի արդյունքում հնարավոր է ունենալ հասարակության բարեկեցության աճ: Նրա խոսքով 2020թ. պետական բյուջեն համահունչ է այդ նպատակներին, քանի որ ապահովում է հարկաբյուջետային ու պարտքի կայունություն և հիմքեր ձևավորում երկարաժամկետ տնտեսական աճի համար՝ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում ներդրումների էական բարելավման ճանապարհով:

ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետի ժ/պ Ռուզաննա Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի կողմից ընդունված 2020 թվականի բյուջեն, փաստաթղթի հիմնական շեշտադրումները, հաջոր տարվա ֆինանսական սպասումները: Նրա ներկայացմամբ , 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ում շուրջ 1.3 տոկոսային կետ բարելավում՝ հասցնելով 4.1 տոկոս մակարդակի։

Ռ. Գաբրիելյանը նշել է, որ պետական բյուջեի 42.2 տոկոսը սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն են, իսկ այդ ոլորտն իր մեջ ներառում է՝ առողջապահության, սոցիալական, պաշտպանական համակարգ, մշակույթը, սպորտը, իսկ իրական սեկտորին ուղղվող ֆինանսական ծրագրերը կազմում են բյուջեի 14.7 տոկոսը:

Սեմինար-քննարկման առաջին հատվածում ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է Հայաստանի պետական պարտքը և դրա մարմանն ուղղվող քայլերը: Այսպես, ըստ Ա. Համբարձումյանի, Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի հոկտեմբերի 31 -ի դրությամբ կազմում է 3,389 մլրդ դրամ, որից կառավարության պարտքը կազմում է 3,144 մլրդ դրամ , իսկ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը՝ 245 մլրդ դրամ: «2020 թվականին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով , որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշը կնվազի 1.4 տոկոսային կետով 2019 թվականի տարեվերջի համեմատ», նշել է Ա. Համբարձումյանը:

ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խամվելյանը խոսել է եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմաններից, ինչպես նաև ներկայացրել դրամային պարտատոմսերի շուկայում իրականացվող գործառությունները: Ըստ ներկայացված վիճակագրության, 2019-ի նոյեմբերի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող գանձապետական պարտատոմսերի ծավալը կազմել է 681 մլրդ դրամ, որը մինչև տարեվերջ կարող է ավելանալ 3 մլրդ դրամով:

Պետական գնումների ոլորտում իրականացված մեծ փոփոխությունները լրագրողներին ներկայացրել են ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը և ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: Վերջինը մասնավորապես խոսել է կառավարության կողմից ընդունված և նոյեմբերի 2-ից ուժի մեջ մտած գնումների գործընթացի բարեփոխումներին վերաբերող կառավարության N 526-Ն որոշման պահանջներից:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանի կարիքներին համապատասխանող լավագույն էլեկտրոնային գնումների համակարգ է ներդրվելու: « Բացարձակ նոր համակարգ է ստեղծվելու», -ասել է փոխնախարարը:

Սեմինար-քննարկման երկրորդ օրը նվիրված է եղել Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների ներկայացմանը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը և Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը ներկայացրել են վերջին շրջանում Հարկային օրենսգրքում կատարված հարկային բարեփոխումներին ուղղված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2020-ի հունվարի 1-ից:

Յուրաքանչյուր բանախոս ոլորտային բարեփոխումների, փոփոխությունների վերաբերյալ զեկույցը ներկայացնելուց հետո պատասխանել են  լրագրողների հարցերին: Ֆինանսների նախարարության աշխատակիցների և լրագրողների մասկանցությամբ սեմինար քննարկումը կազմակերպել էր GIZ-ի աջակցությամբ:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)