Ս.թ. սեպտեմբերի 14-ից 15-ը հեռավար եղանակով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի հերթական նիստը՝ ոլորտային առանձին հանդիպումների ձևաչափով:
Նիստին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Նիստի ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են մակրոտնտեսական քաղաքականությանը, ֆինանսական ոլորտին, հանրային ֆինանսների կառավարմանը, զեղծարարության դեմ պայքարին, վիճակագրությանն առնչվող հարցեր, ներկայացվել են նշյալ ոլորտներում կատարվող աշխատանքները, իրականացվող բարեփոխումները: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ ֆինանսական ընթացիկ համագործակցությանն ու հետագա փոխգործակցության ուղղություններին:
Հանդիպումներին հայկական կողմից մասնակցել են իրավասու պետական մարմինների ու ՀՀ ֆինանսների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: