Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
2021թ. տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով․ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ 2021թ. բյուջեի կատարողականը
15.06.2022
2021թ. տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով․ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ 2021թ. բյուջեի կատարողականը

 

«2021 թվականի տնտեսական աճը, որն ի սկզբանե ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս: Տնտեսության աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով»,- այս մասին Ազգային  ժողովում ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթն ամբողջությամբ.

«ԱԺ մեծարգո՛ նախագահ,
Հարգարժա՛ն նախագահություն,
ԱԺ հարգելի՛ պատգամավորներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ, գործընկերներ,

2021 թվականի ընթացքում կառավարության ծրագրային գործունեության, դրա արդյունքների, առնչվող խնդիրների եւ դրանց լուծման հարցերի շուրջ վերջին ամիսների ընթացքում Ազգային ժողովում խոսել ենք տարբեր ձեւաչափերով: ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը դարձավ այդ քննարկումների ամփոփումը: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել կառավարության գործընկերներին եւ ԱԺ պատգամավորներին՝ հաշվետվության շրջանակում ներկայացված զեկույցների եւ դրանց շուրջ ծավալված քննարկումների համար:

2021 թվականի պետական բյուջեն հաստատվել եւ իրականացվել է կառավարության գործունեության ծրագրի նպատակներին համապատասխան: Այդ սահմաններում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության երաշխավորմանը, աճի եւ զարգացման ներուժի ավելացմանը, սոցիալական եւ տնտեսական տարբեր ծրագրերի միջոցով մեր առաջնահերթ խնդիրների կարգավորմանը:     

2020 թվականը չափազանց բարդ տարի էր: Կորոնավիրուսի համավարակը եւ 44-օրյա պատերազմը առաջ էին բերել մարտահրավերներ, որոնք կարող էին տնտեսական եւ սոցիալական ցնցումների պատճառ դառնալ: Նշված երեւույթները կառավարելու, դրանց բացասական հետեւանքները մեղմելու, տնտեսական ակտիվությունը վերականգնելու եւ զարգացման հիմքերը կայունացնելու խնդիրը ուղղորդող է եղել 2021թ. մակրոտնտեսական եւ այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համար:

Հատուկ կարեւորություն է տրվել հակաճգնաժամային նշանակության ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, շարունակել են իրականացվել կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքների մեղմանն ուղղված՝ ինչպես առողջապահական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնույթի այլ միջոցառումներ: Մեծածավալ ծրագրեր են իրականացվել Արցախյան պատերազմի հետեւանքների մեղմման ուղղությամբ:

Պետական եկամուտները զգալիորեն ավելացել են, հատկապես՝ հարկային եկամուտների աճի շնորհիվ: Տարվա ընթացքում բյուջեով նախատեսված ծախսերը զգալիորեն աճել են ծավալով եւ լրացվել են նոր ուղղություններով, պետական պարտքի կառավարումը դարձել է ավելի հուսալի եւ նվազեցրել է պարտքի փաստացի բարձր մակարդակի հետեւանքով ի հայտ եկած մակրոտնտեսական ռիսկերը.  

2021 թվականի տնտեսական եւ ֆինանսական քաղականության հիմնական արդունքը փաստում է, որ կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ապահովել է նշված խնդիրների լուծումը: Տարեկան տնտեսական աճը, որը սկզբնապես ծրագրված էր 3.2% չափով, կազմել է 5.7%.

Տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով, որոնք ձեւավորել են աճի 4 տոկոսային կետը (աճի կեսն ապահովել են կացության եւ հանրային սննդի ծառայությունները): Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ (որի երկու երրորդն ապահովել է մշակող արդյունաբերությունը), իսկ շինարարությանը՝ 0.2 տոկոսային կետ: Գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա՝ աճի ընդհանուր ցուցանիշը կրճատելով 0.2 տոկոսային կետով: Ընդ որում, անասնաբուծությունն աճել է, սակայն բուսաբուծության կրճատումն ավելի մեծ չափով է ազդել ընդհանուր արդյունքի վրա.

Համախառն պահանջարկի ավելացումը զգալիորեն պայմանավորված է եղել սպառման աճով, որն իրական արտահայտությամբ աճել է 3.7%-ով: Հիմնական միջոցներում կապիտալ ներդրումներն աճել են 7.7%-ով: Ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 16.5%-ով, իսկ ներմուծումը՝ 10.9%-ով: Միայն ապրանքների արտահանման անվանական աճը կազմել է 19.1% (3.0 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 16.9% (5.3 մլրդ ԱՄՆ դոլար).

Տնտեսական վերականգնման նշված ընթացքին մեծապես նպաստել է համաշխարհային եւ հատկապես՝ մեր հիմնական գործընկերի տնտեսություններում արձանագրված տնտեսական աճը: Մասնավորապես, 2021-ին ԱՄՆ տնտեսությունն աճել է 5.6%-ով, Եվրոգոտու տնտեսությունները՝ 5.2%-ով, Ռուսաստանի Դաշնության տնտեսական աճը կազմել 4.5%, Չինաստանինը՝ 8.1%:

Մետաղների միջազգային գների աճը զգալի դրական նշանակություն է ունեցել 2021-ին Հայաստանում տնտեսական ակտիվությունը խթանելու հարցում: Մասնավորապես, պղնձի միջազգային գները 2020-ի գներից բարձր են եղել մոտ 51%-ով, իսկ մոլիբդենինը՝ մոտ 83%-ով: Միաժամանակ, մեր տնտեսական ակտիվութան հարցում զսպող նշանակություն է ունեցել նավթի գների աճը: 2021-ին նավթն արժեցել է մոտ 67%-ով ավելի, քան այն 2020-ին էր.

2021 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7%: Դրա կեսից ավելին՝ 4.8 տոկոսային կետը պայմանավորված է եղել պարենի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճով: 7.7% գնաճի 1.9 տոկոսային կետը ձեւավորվել է ոչ պարենային ապրանքների գների բարձրացման արդյունքում: Այս մասով զգալի ազդեցություն է ունեցել վառելանյութի գների ավելացումը.

Ընթացիկ հաշվի պակասուրդը բարելավվել է եւ կազմել է ՀՆԱ-ի 3.7%: Նշված բարելավմանը հիմնականում նպաստել են ծառայությունների արտահանման աճը (ներգնա զբոսաշրջություն), ինչպես նաեւ՝ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճը: Դրամական զուտ փոխանցումները 2021-ի ընթացքում աճել են 24%-ով, առավելապես՝ ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից: 

 

Պետական բյուջեի եկամուտները

2021 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման եւ դրա արդյունքում՝ հարկային եկամուտների աճով: Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1683.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.9%-ով: Ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99.6%:

Եկամուտների 94.2%-ը (2020-ին՝ 88.8%) ձեւավորել են հարկային եկամուտները՝ 1,587 մլրդ դրամ չափով, ինչը 2021 թվականի ՀՆԱ-ի 22.7%-ն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն աճել են 14.6%-ով՝ հիմնականում հարկման բազաների (սպառման եւ ներմուծման աճի հաշվին) աճի, ինչպես նաեւ դրոշմանիշային վճարի եւ խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում: Տարվա հարկային եկամուտները մոտ 147 մլրդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տարվա բյուջեով: Ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100.2%-ով:

Նախորդ տարվա 22.4%-ի նկատմամբ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով.

2021 թվականի հարկային եկամուտների վրա նվազեցնող ազդեցություն է ունեցել ԱԱՀ-ի, եկամտային հարկի եւ ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը: Դրանց հանրագումարը տարվա ընթացքում կազմել է 180.2 մլրդ դրամ՝ 30.1% ով կամ 41 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

2021-ին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային մնացորդների գումարը կազմել է 146.2 մլրդ դրամ՝ 2020-ի նկատմամբ գերազանցել է 21.9%-ով կամ 26.3 մլրդ դրամով: Կարեւոր է նշել տարվա երկրորդ կեսից ԱԱՀ-ի դեբետային գումարները ամսական պարբերականությամբ հարկ վճարողներին վերադարձնելու վերաբերյալ նոր կարգավորման մասին:

2021-ին եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 32.6 մլրդ դրամ (հիպոթեքի տոկոսներ եւ այլն), ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 83.8%-ով կամ 14.9 մլրդ դրամով: Բնակարան ձեռք բերելու նպատակով հիպոտեկային վարկի տոկոսների մասով վարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4% ով կամ 9.4 մլրդ դրամով: Աշխատող անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձված գումարը կազմել է 270 մլն դրամ.

Ակցիզային հարկի գծով վերադարձված գումարները 2021 թվականին կազմել են 915.8 մլն դրամ՝ 35.1%-ով կամ 238 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը.

 

Հարկային եկամուտների կառուցվածքի մասին

Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցել է ԱԱՀ-ն՝ 35%, որին հաջորդում են եկամտային հարկը՝ 27% եւ շահութահարկը՝ 10%: Մնացած հարկատեսակներն ունեն համեմատաբար փոքր կշիռներ.

ԱԱՀ-ից բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 556 մլրդ դրամ, ինչը 2020-ի ցուցանիշը գերազանցում է 18%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 84.4 մլրդ դրամ, որից 53 մլրդը կազմել է ներմուծվող ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն, իսկ 31.4 մլրդ դրամը՝ ներքին շրջանառությունից:

Շահութահարկից եկամուտները կազմել են 158.6 մլրդ դրամ: Չնայած նրան, որ այդ ցուցանիշը 2020-ի ցուցանիշը գերազանցել է 10 մլրդ դրամով, տարվա ընթացքում առկա են եղել շահութահարկից եկամուտները նվազեցնող մի քանի գործոններ: Առաջինը հետեւյալն է. ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնելու նպատակով շահութահարկի դրույքաչափը 20-ից 18% նվազեցնելու առաջին ազդեցությունը զգացվել է 2021-ին (քանի որ 2020 թվականի շահութահարկը վերջնահաշվարկվել է 2021 թվականի ապրիլին ներկայացված հարկային հաշվետվություններով): Եթե շահութահարկը հաշվարկվեր նախկին դրույքաչափով, ապա շահութահարկի գումարն ավել կլիներ 16 մլրդ դրամով (հարկային մարմիններ ներկայացված՝ 2020թ. հարկվող շահույթի հանրագումարը կազմել է 800 մլրդ դրամ, հետեւաբար՝ 2% չափով ավել շահութահարկը կկազմեր 16 մլրդ): Բացի այդ, 2020թ. տնտեսական անկումը բացասաբար է ազդել տնտեսության շահութաբերության վրա: 2019-ի համեմատությամբ շահութահարկ վճարողների շահութաբերությունը նվազել էր 130 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ տնտեսական գործունեության միջին շահութաբերության մակարդակը պահպանվելու դեպքում շահութահարկից բյուջեի եկամուտները ավել կլինեին 23 մլրդ դրամով: Ընդ որում, քանի որ 2022 թվականի ապրիլին արդեն իսկ ներկայացվել են 2021 թվականի գործունեությանը վերաբերող շահութահարկի հաշվարկները, ապա կարող ենք ասել, որ հարկվող շահույթը 2021-ին 2020-ի համեմատությամբ ավելացել է 257 մլրդ դրամով կամ ավելի քան 30%-ով.

Եկամտային հարկից բյուջեի եկամուտները կազմել են 426 մլրդ դրամ, որը մոտ 15 մլրդ դրամով կամ 3.6%-ով ավելին է, քան 2020-ին ստացված եկամուտները: Ինչպես եւ շահութահարկի դեպքում, եկամուտների ավելացումը կլիներ ավելին, եթե նախորդ տարհա համեմատությամբ եկամտային հարկի դրույքաչափը նվազեցված չլիներ 1 տոկոսային կետով եւ սահմանված չլիներ 22%: Այս մասով բյուջեի եկամուտների նվազումը կազմել է մոտ 19 մլրդ դրամ (ըստ գնահատականի՝ եկամտային հարկի 90%-ն աշխատանքային եկամուտներից են): Վերը խոսվեց պետական բյուջեից երեք ուղղություններով մեր քաղաքացիներին վերադարձված 32 մլրդը գերազանցող գումարների մասին, ինչի հետեւանքով բյուջեում հաշվեգրված եկամուտները համապատասխան չափով եղել են ավելի քիչ, քան հարկատեսակից մուտքերը:

Եկամտային հարկի դեպքում կարեւոր ենք համարում ներկայացնել եւս մեկ պարզաբանում. Հաճախ է հնչում այն հարցը, թե ի՞նչ տվեց դրույքաչափի համահարթեցումը եւ նվազեցումը: Չնայած այս հարցի առավել լայն եւ ճիշտ պատասխանն այն է, որ դա չպետք է չափել միայն բյուջետային եկամուտների մեծությամբ, այլ անհրաժեշտ է գնահատել նաեւ տնտեսական ակտիվության վրա դրա երկարաժամկետ դրական ազդեցությունը, կարող ենք նաեւ եկամուտներին վերաբերող որոշ փաստեր ներկայացնել: 2016-2017 թվականներին, երբ եկամտային հարկի միջին կշռված դրույքաչափը կազմում էր 25% (23-28% աճողական սանդղակով) եւ ավելին, եկամտային հարկից բյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 5.9-6.1%: 2021 թվականին, երբ դրույքաչափը 22% էր, եկամտային հարկից մուտքերը կազմել են ավելի քան 6.5% (եթե հաշվի առնենք նաեւ քաղաքացիներին վերադարձված 32 մլրդ դրամը): Սա իհարկե միայն դրույքաչափեր նվազեցման դրական հետեւանքը չէ եւ նշանակություն է ունեցել նաեւ թե տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, թե նաեւ՝ հարկային վարչարարության բարելավումը: Սակայն, սա կարելի է նաեւ համարել փաստ, ինչը հաստատում է կատարված փոփոխության դրական նշանակությունը.

2021-ի հարկային եկամուտների վրա դրական ազդեցություն է ունեցել մետաղական խտանյութերի արտահանման համար պետական տուրքի սահմանումը: Պետական բյուջեն այդ մասով 2021-ին ստացել է 24.6 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտներ: Պետական բյուջեի եկամուտների վրա դրական է ազդել նաեւ այն, որ 1 տոկոսային կետով ավելացել է կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին քաղաքացիների կողմից կատարվող վճարումների դրույքաչափը՝ սահմանվելով 3.5% (աճը՝ 18 մլրդ): Բարձրացված դրույքաչափերով են վճարվել նաեւ դրոշմանիշային վճարները՝ աճելով 21 մլրդ դրամով: ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից մաքսատուրքերի գծով ավել ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 16 մլրդ դրամ:

 

Ծախսերի մասին

2021 թվականին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,004 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 1,788 մլրդ կամ ընդհանուր ծախսերի 89.2%-ը, իսկ կապիտալ ծախսերը՝ 216 մլրդ դրամ կամ ծախսերի 10.8%-ը (եւս 2.4 մլրդ դրամ կապիտալ ծախսեր կատարվել են ոչ ընթացիկ ակտիվների օտարումից մուտքերի հաշվին).

2,004 մլրդ դրամը մոտ 153 մլրդ դրամով ավելին է, քան սկզբնապես պլանավորված էր 2021-ի բյուջեով: Ծախսերի ավելացումը հիմնականում հնարավոր է դարձել նախատեսվածից ավելի մեծ չափով ստացված հարկային եկամուտների շնորհիվ.

Ընթացիկ ծախսերի գծով ծախսային պարտավորությունները կատարվել են բյուջեով նախատեսված ամբողջ ծավալով (կատարողականը կազմել է 98.6%), իսկ կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների համեմատությամբ բարձր՝ ճշտված պլանի նկատմամբ 92.5 % ցուցանիշ.

2020թ. համեմատությամբ ընթացիկ ծախսերն ավելացել են մոտ 120 մլրդ դրամով կամ 7.2%-ով:

Սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների մասով ավել է հատկացվել 61 մլրդ դրամ գումար (աճի մոտ 17 մլրդ դրամը՝ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի մասով, 6.5 մլրդ դրամը՝ մայրության նպաստների գծով եւ այլն).

Պետական պարտքի սպասարկման նպատակով կատարված տոկոսավճարների գումարը կազմել է 180.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 16 մլրդ դրամով: Ավելացումը պայմանավորված է եղել նրանով, որ բարձրացել է պարտքի միջին կշռված տոկոսադրույքը, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2021-ին կազմել է 504.4 դրամ՝ 2020-ի 476.5-ի դիմաց եւ այլն.

Տոկոսավճարների կազմում ավելացել է ներքին տոկոսավճարների տեսակարար կշիռը: Ներքին պարտքի դիմաց վճարվել է 108.3 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ պարտքի սպասարկման հետ կապված ծախսերի ավելի մեծ մասն է դարձել մեր ռեզիդենտների եկամուտներ.

2021 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաներն աճել են մոտ 15%-ով կամ 18 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության խթանման ծրագրերի՝ 122.7%, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման այլ տնտեսական ծրագրի՝ 147% եւ տնտեսական աջակցության շրջանակներում տրամադրված այլ սուբսիդիաների աճով.

Նախորդ տարվա համեմատությամբ՝ 2021 թվականի ընթացքում պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհների 9.5% (17.8 մլրդ դրամ) աճը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծախսերի (19.1 մլրդ դրամ) աճով, համայնքներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների 16.7% (9.2 մլրդ դրամով), գիտական եւ գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների միջոցառման ծախսերի 102.4% (1.7 մլրդ դրամով) աճով եւ այլն:

Ինչպես վերը նշվեց, կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է 218.4 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը՝ 92.5%: Թեեւ այն մոտ 17.7 մլրդ դրամով նվազել է 2020-ի համեմատությամբ, սակայն այդպիսի տարբերության հիմնական պատճառն այն է, որ 2020-ի ծախսերի մեծ մասը պայմանավորված էին ռազմական դրության հետ կապված ծախսերով.

Կապիտալ ծախսերի զգալի աճ է ապահովել ճանապարհային տրանսպորտի եւ ջրամատակարարման ոլորտներում կատարված աշխատանքների ավելացումը. աճերը կազմել են համապատասխանաբար 53.4 մլրդ դրամ եւ 6.3 մլրդ դրամ՝ 26.7%-ով (11.3 մլրդ դրամով) եւ 4.5 անգամ (4.9 մլրդ դրամով) գերազանցելով 2020 թվականի ցուցանիշները:

Հատկանշական է արտաքին աջակցությամբ իրականացվող կապիտալ ծախսերի աճը՝ 82%, ինչի արդյունքում այդպիսի ծրագրերի  հանրագումարային արժեքը 2020-ի 44.3 մլրդ դրամից 2021-ին կազմել է 80.6 մլրդ դրամ:

Արցախին հատկացումների վերաբերյալ. բացի 2021թ. պետական բյուջեով սկզբնապես հաստատված 64.8 մլրդ դրամը, Արցախի կառավարությանը կատարվել են լրացուցիչ 63.9 մլրդ դրամ հատկացումներ (հանրագումարով՝ 128.7 մլրդ դրամ): Նշված միջոցները նախատեսված են եղել Արցախում մեր հայրենակիցների համար կենսական նշանակության սոցիալական եւ տնտեսական հարցերի կարգավորման համար: Նշված ֆինանսական միջոցները չեն ներառում Արցախի պատերազմի հետեւանքների մեղմանն ուղղված այն ծրագրերի ֆինանսավորումը, որը 2021 թվականի ընթացքում իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում: Այս ծրագրերի իրականացման համար ծախսվել են եւս 68.9 մլրդ դրամ միջոցներ:    

 

Պետական բյուջեի դեֆիցիտը

2021 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 320.5 մլրդ դրամ՝ ծրագրի 89.2%-ը: Այն 4.0%-ով (13.5 մլրդ դրամով) պակաս է եղել  նախորդ տարվա ցուցանիշից.

Բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 4.6%՝ 2021 թվականի համար սկզբնապես կանխատեսված 5.3%-ի եւ 2020 թվականի 5.4%-ի դիմաց.

Փոխվել է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե 2020 թվականին դեֆիցիտն ամբողջությամբ ֆինանսավորվել էր ներքին աղբյուրների հաշվին, ապա 2021 թվականին այն զգալի չափով (68.4%-ով կամ 219.2 մլրդ դրամ չափով) ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից՝ պայմանավորված արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմամբ:

Դեֆիցիտի մյուս մասը՝ 103 մլրդ դրամը ֆինանսավորվել է գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերի հաշվին: Նշված զուտ մուտքերը 2021-ին կազմել են շուրջ 240.1 մլրդ դրամ: Անհրաժեշտ է պարզաբանել, որ գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերի այն մասը, որը պետական բյուջեում չի հաշվառվել որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, հիմնականում օգտագործվել է Արցախի կառավարության ծրագրերի, ինչպես նաեւ ՀՀ ռեզիդենտներին բյուջեով նախատեսված ուղղություններով վարկավորման նպատակով.

Պարտատոմսերի շուկայում նկատվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության որոշակի աճ, ինչը կարող է բացատրվել գնաճային սպասումների ավելացմամբ: 2021 թվականին տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3%, ինչը 2020-ին թողարկված պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցել է 1.5 տոկոսային կետով: 2021-ին տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմել է 394 մլրդ դրամ՝ 2020-ի 388 մլրդ դրամի դիմաց, իսկ միջին կշռված ժամկետայնությունը կազմել է 3207 օր՝ 2020-ի 4703 օր ցուցանիշի դիմաց:

2021 թվականին պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցել է տեղաբաշխման ցուցանիշը 1.9 անգամ (2020 թվականին՝ 1.7 անգամ), իսկ տեղաբաշխման ենթակա ծավալ/տեղաբաշխված ծավալ միջին հարաբերակցությունը կազմել է 1.15 (2020 թվականի համադրելի ժամանակահատվածում` 1.19):

2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորման աղբյուրներում 350.9 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները: Եվրոպարատոմսերի թողարկումից ստացվել են 378.7 մլրդ դրամ միջոցներ, արտաքին աղբյուրներից ներգրավված վարկերի հանրագումարը կազմել է 88.2 մլրդ դրամ, իսկ արտաքին վարկերի մարմանն ուղղվել են 116.0 մլրդ դրամ գումարով միջոցներ:

Տարվա ընթացքում կայունացման դեպոզիտային հաշվի մնացորդն ավելացել է 148 մլրդ դրամով՝ տարեվերջին կազմելով 154 մլրդ դրամ:

Կառավարությունը ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով տեղաբաշխումը, եկամտաբերությունը կազմել է 3.875% (2019 – 4.2%, իսկ 2015 – 7.5%).

Նշված թողարկման արդյունքում 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող արտարժութային պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 1,750.0 մլն ԱՄՆ դոլար, որից՝ 500 մլն ԱՄՆ դոլարի մարման ժամկետը 2025 թվականն է, հաջորդ 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի մարման ժամկետը՝ 2029 թվականը, իսկ նախորդ տարվա ընթացքում թողարկված 750 մլն պարտատոմսերի մարման ժամկետը՝ 2031 թվականը:

2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող արտարժութային պետական պարտատոմսերի 9.2%-ը (160.7 մլն ԱՄՆ դոլար) գտնվել է ռեզիդենտների մոտ, եւ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսային կետով:

 

Պետական պարտք

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,429.6 մլրդ դրամ (9,225.6 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով արտահայտված` նախորդ տարեվերջի համեմատությամբ պետական պարտքի ցուցանիշներն աճել են անհամաչափորեն` համապատասխանաբար 6.4%-ով եւ 15.8%-ով:

Դա առավելապես պայմանավորված է եղել 2020 թվականի եւ 2021 թվականի դեկտեմբեր ամսիսների վերջի դրությամբ ձեւավորված ԱՄՆ դոլար / ՀՀ դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 8.1%-ով՝ 522.6-ից նվազելով մինչեւ 480.1:

ՀՀ պետական պարտքի կազմում 3,192.2 մլրդ դրամը (6,648.4 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,237.4 մլրդ դրամը (2,577.2 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը:

Պարտքի մեծ մասը՝ 4,209.8 մլրդ դրամը կառավարության մասն է (մնացածը Կենտրոնական բանկի պարքն է): Ըստ նախնական ծրագրի՝ կառավարության պարտքը 2021-ին պետք է կազմեր ՀՆԱ-ի 62.3%-ը: Տարվա փաստացի արդյունքներով այն եղել է կամ ՀՆԱ-ի 60.3%: 2021թ.-ին կառավարության պարտքի փաստացի ցուցանիշը արձանագրել է բարելավման կարեւոր առաջընթաց:

2021 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշն (ԶՆԱ) աճել է` 2020 թվականի 5,184.2 մլն ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 5,687.8 մլն ԱՄՆ դոլար: ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է անփոփոխ՝ կազմելով 41%, իսկ ԶՆԱ/արտահանում ցուցանիշը նվազել է՝ 2020 թվականի 137.8%-ից հասնելով 116.5%-ի:

Պարտքի կառուցվածքը բարելավվել է, ավելացել է դրամային պարտքի տեսակարար կշիռը: Հայկական դրամով ներգրավված պարտքը 2021-ի ավարտին կազմել է կառավարության ընդհանուր պարտքի 28.8%-ը՝ 2020-ի 24.4%-ի փոխարեն: Պարտքի միջնաժամկետ կառավարման ուղենիշ՝ ներքին պարտքի կշիռը ոչ պակաս, քան 25%.

Կառավարության պարտքի կառուցվածքում դրամային պարտքի ավելացումը հանգեցրել է կառավարության պարտքի կշռված տոկոսադրույքի որոշակի բարձրացման, որը 2021-ին կազմել է 4.7%` նախորդ տարվա 4.3%-ի դիմաց.

2021 թվականի ընթացքում վճարված 180.8 մլրդ դրամ տոկոսավճարներից 108.3 մլրդ դրամը կամ 60%-ը կազմել են ներքին տոկոսավճարները, իսկ արտաքին պարտքի դիմաց տոկոսավճարները կազմել են 72.5 մլրդ դրամ կամ 40%.

Հայաստանի ֆինանսական կայունության եւ կառավարության վարկունակության բարելավման վկայությունն է այն, որ «Ֆիթչը» եւ «Մուդիսը» 2021-ին վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, իսկ վարկունակության մակարդակը գնահատվել է վստահելի: «Ստանդարտ ընդ Փուրսը» Հայաստանին շնորհել է «դրական» հեռանկարով վարկանիշ՝ գնահատելով Կառավարության խելամիտ եւ հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու հանգամանքը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)