ԹԵԺ ԳԻԾ
«Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված հանգանակությունները ծառայել են իրենց նպատակին․ ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանում է ներկայացրել
09.12.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված հանգանակությունները ծառայել են իրենց նպատակին․ ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանում է ներկայացրել

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը կատարած նվիրատվությանը, դրա շուրջ ծավալված շահարկումներին և ներկայացրել որոշ պարզաբանումներ՝ վստահություն հայտնելով, որ այդ հարցի քննարկումը դիտավորություն չունի մոլորության մեջ գցել քիչ տեղեկացված քաղաքացիներին։

Նախարարը խնդիրը բացատրելով իրավական տեսանկյունից, նշել է, որ իր հիմնադրման օրվանից (1992 թվական) Հիմնադրամը նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվել հետևյալ տրամաբանությամբ՝ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ներկայացրել է նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն, պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ:

Հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է, որը արդեն ներկայացրել է այդ հաշվետվություն հետևյալ ձևակերպամբ՝

Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցները օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ:

«Ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են Կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական բյուջեի այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում։ Իսկ բյուջեների կատարման հաշվետվությունները բաց են բոլորի համար, մասնավորապես՝ պատգամավորների, որոնք ակտիվորեն քննարկում են խորհրդարանում։ Եթե բյուջեների կատարման հաշվետվությունների առնչությամբ առկա են մտահոգություններ, կասկածներ, ապա մենք միշտ պատրաստ ենք ու ողջունում ենք ցանկացած քննարկում»,-ընդգծել է ֆինանսների նախարարը:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրաբերության բովանդակությանը, ֆինանսների նախարարը նախ նշել է, որ Հիմնադրամին հանգանակություն կատարած ցանկացած հայ ունեցել է իր նպատակադրումն ու սպասելիքը և վստահեցրել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված հանգանակությունները ծառայել են իրենց նպատակին։

«Որևէ հիմնադրամ, որևէ միավոր այդ 101 մլրդ դրամը չէր կարող իրացնել շատ կարճ ժամանակամիջոցում։ Եթե հանկարծ պարզվի, որ Հիմնադրամը ունի այնպիսի կարողություններ, ինչպիսին  պետությունն է, դա կնշանակեր, որ մենք գործ ունենք պետության մեջ պետության հետ։ Բայց ակնհայտ է, որ այդպես չէ։ Հետևաբար փորձերը՝ ներկայացնել, որ Հիմնադրամի նպատակներից շեղում է տեղի ունեցել, ձախողված են։ Ճիշտ հակառակը, բովանդակային առումով Հիմնադրամին կատարած նվիրատվությունները բովանդակային առումով ամբողջությամբ ծառայել են իրենց նպատակին», -ներկայացրել է նախարարը։