Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովին:
Նախարարը խոսել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ GIZ-ի հետ համագործակցության, հանրային կառավարման բարեփոխումների, գնահատման համակարգի ներդրման և մի շարք այլ առանցքային թեմաների շուրջ: Անդրադառնալով Մասնակցային բյուջետավորման համակարգի ներդրման գործընթացին՝ Վահե Հովհաննիսյանը ընդգծել է դրա կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների կայունացման համատեքստում և շնորհակալություն հայտնել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարություններին այս ուղղությամբ իրենց ցուցաբերած նախաձեռնողականության համար:
Նախարարը, մասնավորապես, հստակեցրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մինչ օրս հաջողությամբ իրականացրել է 500 մլն դրամի ֆինանսավորում Հայաստանի 4 համայնքներում ծրագրերի իրականացման նպատակով և խոսելով ապագայի հեռանկարից՝ նշել է, որ նախագծվող բյուջեում նախատեսվում է կրկնապատկել ներդրման գումարի չափը:
Ամփոփելով խոսքը՝ Վահե Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարարության և Կառավարության պատրաստակամությունը ֆինանսական նոր գործիքներ ուսումնասիրելու, ինչպես նաև դրանք գործնականում արդյունավետորեն կիրառելու հարցում: