ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնի հետ:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող ներդրումները Հայաստանում, որոնք 2022-2024 թվականներին կազմել են 328 մլն ԱՄՆ դոլար, իսկ կուտակված ներդրումները՝ 488 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանում ԵԱԶԲ-ն կենտրոնացած է իրական հատվածում ներդրումների վրա և նախատեսում է 2025-2026 թվականներին Հայաստանում ներդնել շուրջ 200-250 մլն ԱՄՆ դոլար:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մանդրոնին 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին արձագանքելու համար:
Եվրասիական զարգացման բանկը միջազգային կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ պորտֆելի հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: