Նոյեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթահանձնաժողովի 4-րդ նիստին:
Հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:
Նիստի ընթացքում, որին մասնակցել են իրավասու բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու առկա վիճակը: Հայկական կողմը հանդես է եկել նաև պետական ֆինանսների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցով՝ անդրադառնալով, մասնավորապես, պետական պարտքի կառավարման, հարկային քաղաքականության ու վարչարարության, հանրային ներդրումների կառավարման, արտաքին աուդիտի բնագավառներում գրանցված զարգացումներին: Զուգահեռաբար, Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացվել են տնտեսական իրավիճակն ու հեռանկարները Եվրոպական միությունում։
Առանձին ոլորտային քննարկումներ են ծավալվել նաև ֆինանսական ոլորտի՝ ֆինանսական կայունության, ոչ բանկային ֆինանսական շուկայում զարգացումների, մակրոպրուդենցիալ քաղաքականության, վիճակագրության, ինչպես նաև զեղծարարության դեմ պայքարում փոխգործակցության վերաբերյալ: