Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը հաստատեց 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսային եւ 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման ծրագրերը
30.06.2022
Կառավարությունը հաստատեց 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսային եւ 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

 

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նշել, որ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրով սահմանված նպատակների եւ քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան եւ ներառում է հարկաբյուջետային եւ ծախսային այնպիսի առաձնահատկություններ, որոնք պետք է նպաստեն կառավարության ծրագրի արդյունավետ եւ ժամանակին իրագործմանը:

«Կառավարության 2021-2026թթ. ծրագրին համահունչ, 2023 թ. եւ հաջորդող երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: Կարեւոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պետական պարտքի կառավարելիության բարձրացման եւ այդպիսով՝ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում: Մեր նախնական գնահատականներով, հարկաբյուջետային քաղաքականության կարեւոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում: Մասնավորապես, Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է եւ չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը (սահմանված էր 60.2%): Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4%-ը (որն այս տարվա համար սահմանված թիրախն է): Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումը ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին եւ ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում՝ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3%-ը»,- ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա հինգ ամիսների արդյունքում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը՝ 10.2%, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7% աճով: «Դեռեւս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների եւ ծառայությունների գների զգալի բարձրացմամբ: Չնայած այն հանգամանքին, որ շարունակում են բարձր մնալ արտաքին տնտեսական միջավայրի հետ կապված անորոշությունները եւ դրա արդյունքում Հայաստանին փոխանցվող ռիսկերը, մեր ընդհանրական գնահատականն այն է, որ այսօրվա դրությամբ առկա են բավարար նախադրյալներ՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական արդյունքային ցուցանիշները Կառավարության ծրագրի գերակայություններին համահունչ պլանավորելու համար»,- նշել է նախարարը:

Մասնավորապես, գալիք երեք տարիների տնտեսական աճի թիրախը սահմանված է 7%: Միջնաժամկետում թիրախին հասնելու նպատակին կնպաստի առաջիկա երեք տարիների ընթացքում ավելացնել կապիտալ ծախսերի ավելացումը, որոնք այս տարվա համար ծրագրված՝ ՀՆԱ-ի 4.5%-ից կբարձրանան եւ 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6%-ի սահմաններում: 2023-2025 թվականների ընթացքում պետական բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը կգտնվի ՀՆԱ-ի 28% սահմաններում: «Այստեղ կարեւոր է երկու հանգամանք: Առաջինն այն է, որ կշարունակեն ավելանալ պետական բյուջեի հարկային եկամուտները. դրանք 2022-ի համար ծրագրված 23.4% մակարդակից կաճեն 1.4 տոկոսային կետով եւ 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 24.8% սահմաններում՝ ընդհուպ մոտենալով Կառավարության ծրագրով սահմանված 25% ծրագրային թիրախին: Երկրորդ էական փոփոխություն այն է, որ աստիճանաբար կնվազի փոխառու միջոցների հաշվին ծախսերի ֆինանսավորումը. պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3% մակարդակից կկրճատվի եւ 2025-ի ավարտին կգտնվի 2.5-2.7% սահմաններում: Համապատասխանաբար տեղի կունենա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի ցուցանիշների բարելավում. ծրագրի վերջին տարում այն կգտնվի ՀՆԱ-ի 55-56% սահմաններում»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ միջնաժամկետ հատվածում ծախսային քաղաքականության առաջնահերթություններ են համարվել տնտեսական եւ սոցիալական նշանակության ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում ներդրումները. «Ինչպես նշվեց, ծրագրային ժամանակահատվածում կապիտալ ծախսերը այս տարվա բյուջեով սահմանված՝ ՀՆԱ-ի 4.5%-ից ավելացվելու են մոտ 1.5 տոկոսային կետով. դրանք 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6% սահմանում: Զգալի չափով ավելացվելու են ներդրումներն այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված կլինեն տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածների բարելավմանը: Դրանք առավելապես լինելու են ճանապարհային ենթակառուցվածքները, այդ թվում՝ հանրապետական եւ քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքները, ոռոգման ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջրամբարները, կրթական հաստատությունները, առողջապահական, սպորտի եւ մշակույթի ենթակառուցվածքները»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ առաջնային ծախսերն առաջիկա երեք տարիներին նվազելու են ՀՆԱ-ի 1.5 տոկոսային կետով, դա չի նվազեցնելու կրթության եւ առողջապահության ծախսերը. «Այս երկու ոլորտներում ծախսերի ավելացումը կատարվելու է այնպիսի չափով, որպեսզի նշված երկու ոլորտներին հատկացվող ֆինանսավորման հանրագումարը 2022-ի ՀՆԱ-ի 3.9%-ից ավելանա եւ 2025-ին կազմի 4.3%. այդ թվում՝ կրթության ոլորտում ֆինանսավորումը 2.3%-ից կավենանա մինչեւ 2.6%, իսկ առողջապահության ոլորտում՝ 1.6-ից կավելանա մինչեւ առնվազն 1.7%: Ընդ որում, նախատեսում ենք այս ուղղությամբ կիրառել արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման նոր մեխանիզմներ, ինչը կնշանակի, որ նշված ոլորտներում նախապես սահմանված բարեփոխումներից ակնկալվող արդյունքային ցուցանիշների արձանագրումը պետք է հիմք դառնա նախապես որոշված ֆինանսավորման չափերն ավելացնելու համար: Առաջիկայում աշխատանքներ կտանենք նշված մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նաեւ՝ վերը նշվածներից ավելի բարձր ֆինանսավորում սահմանելու համար»:

Կառավարության ծրագրային նպատակներին համապատասխան, նախատեսվում է ավելացնել սոցիալական ապահովության ծրագրերին ուղղվող ծախսերը: «Արդեն 2023 թվականի ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11.3%-ով: Դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ՝ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների ներկա չափերը: Մասնավորապես, նոր սահմանաչափը թույլ կտա ավելացնել պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները 33 մլրդ դրամով, ժողովրդագրական վիճակի բարելավման գծով իրականացվող ծրագրերին հատկացնել 16.5 մլրդ դրամով ավելի. 47.9 մլրդ դրամ՝ 2022թ. 31.4 մլրդ դրամի դիմաց, եւ այլն»,-նշել է Տիգրան Խաչատրյանը:

2023-ին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար: Նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանն ուղղել 17.3 մլրդ դրամ: 2023 թ. նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը պահպանել այս տարվա համար սահմանված բարձր մակարդակի վրա՝ 144 մլրդ դրամ:

«Սրանք են 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական առանձնահատկությունները: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկումներ իրականացնել առանձին ոլորտային ծրագրերի եւ ակնկալվող արդյունքների շուրջ, ինչը կհուշի նաեւ, թե ինչպիսի ճշգրտումների կարիք կլինի 2023 թվականի պետական բյուջեն վերջնականացնելու փուլում»,-ասել Տիգրան Խաչատրյանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)