Ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարողականի հաշվետվությունը:
Ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանական հանձնաժողովում ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ընդգծել է, որ 2020 թվականին ամբողջ աշխարհը և հատկապես Հայաստանը 2020 թվականին գտնվել են բացառիկ ցնցման տիրույթում:
Ըստ նախարարի պաշտոնակատարի, եթե 2020-ի հունվարին միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումներով դեռևս շարունակվում էր 2019-ի լավատեսության իներցիան, ապա կորոնավիրուսային հիվանդության համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով ապրիլ-հունիսին աշխարհի տնտեսության զգալի անկում էր կանխատեսվում: Հայաստանին, սակայն, բացի կորոնավիրուսի համավարակից, 2020-ին ցնցել է նաև Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը: 2020-ի ավարտին Հայաստանում արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական անկում:
Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ 2020 թվականին իրականացվել է ճգնաժամին համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը նշանակում է, որ ծախսերը չեն կրճատվել, հակառակը՝ առաջարկվել է նոր պարտավորությունների իրականացում: «Ճգնաժամի ժամանակահատվածին բնորոշ է այն, որ հանրության կողմից փոխվում է սպասումը կառավարությունից ու պետական բյուջեից, քանի որ ակնկալվում է, որ կմեղմվի ճգնաժամի բացասական ազդեցությունը», -ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը:
Անդրադառնալով պետական պարտքի նվազեցմանն ուղղված քայլերին, նախարարի պաշտոնակատարը նշել է, որ մինչև 2026 թվականը պետք է իրականացվի հարկաբյուջետային համախմբում, ինչը հնարավորություն կտա պետական պարտքի ցուցանիշները ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 70 տոկոսից նվազեցնել 60 տոկոսի:
«Դրան հասնելու ճանապարհները շատ հստակ են և բացահայտում չենք անում: Կանոնները հուշում են՝ ինչպես պետք է ընթանա հարկաբյուջետային համախմբումը՝ ընթացիկ ծախսերի աճի կառավարելիության ավելի բարձր մակարդակ և կապիտալ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ ներդրումների ավելացման ճանապարհով տնտեսական աճի պոտենցիալի մեծացում, որը հնարավորություն կտա քննարկել ոչ թե կառավարության պարտքի բացարձակ մեծության նվազեցման հարց, այլ՝ այդ պարտքը սպասարկելու հնարավորության մեծացում», -նշել է նա: