ԹԵԺ ԳԻԾ
Ծախսերի նվազեցումը չի կարող գնահատվել որպես տնտեսության վերականգնմանը նպաստող գործոն․ ՀՀ ֆինանսների նախարար
06.11.2020
Ծախսերի նվազեցումը չի կարող գնահատվել որպես տնտեսության վերականգնմանը նպաստող գործոն․ ՀՀ ֆինանսների նախարար

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ այս տարվա սկզբին կորոնավիրուսի համաճարակով, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի վերջին պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությունների հիմքում եղել է հարկաբյուջետային քաղաքականությունից բխող տրամաբանությունը։

«Մեր հարկաբյուջետային քաղաքականությունն է՝ սպասվող և տեղի ունեցող բացասական զարգացումների համատեքստում պետք է այնպես անել, որ հնարավոր լինի հասնել տնտեսության վերականգնման մեկնարկին և այդուհետև ունենալ տնտեսական զարգացում, տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ, ընդ որում՝ դրանք լուծել լավագույնս», -ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, բոլոր այդ փոփոխություններով հանդերձ, բյուջեի ծախսային մասը փոփոխություն չի կրել և դրանց մակարդակը պահպանվել է։ Ֆինանսների նախարարը ընդգծել է, որ բյուջեով ծախսերի նվազեցումը չի կարող գնահատվել որպես տնտեսության վերականգնմանը նպաստող գործոն։

«Բյուջեում կատարված բոլոր փոփոխությունների ընթացքում ծախսերի մակարդակը պահպանվել է, իսկ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով կապիտալ ծախսերի համար պահպանվել է այնպիսի մակարդակ, որը բավարար է տնտեսության վերականգնման համար և համապատասխանում է գալիք տարվա հնարավորություններին», -նշել է Ջանջուղազյանը։

2021թ.-ի բյուջեով պետական բյուջեից 215 մլրդ դրամ նախատեսված է կապիտալ ծրագրերի իրականացմանն ուղղված ծախսերի համար, կամ կանխատեսվող ՀՆԱ-ի 3,2 տոկոսը։ Այս ցուցանիշը, ըստ ֆինանսների նախարարի, պատմական բարձր ցուցանիշ է։

Բյուջեի նախագծով 1 տրիլիոն 628 մլրդ դրամ նախատեսված է ընթացիկ ծախսերի համար։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ընթացիկ ծախսերի այս մակարդակը թույլ է տալիս մինչ այժմ ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ կատարել։