Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վճարված հարկերից մինչև տնտեսական աճի համար կառավարության անելիքներ. Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը
01.03.2022
Վճարված հարկերից մինչև տնտեսական աճի համար կառավարության անելիքներ. Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

Հայաստանում այս տարվա շուրջ 50 օրվա կտրվածքով 17.7 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարվել, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել  է հարցին՝ հնարավո՞ր է կառավարությունը տարվա ընթացքում պետբյուջեի նախագծի հիմքում դրված 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսման վերանայում իրականացնի և թե կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է իրականացնի՝ երաշխավորելու այդ աճը: 

Տնտեսական աճի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ փորձել են հասկանալ, թե  արդյոք հարկային եկամուտների կանխատեսված ցուցանիշների նկատմամբ գտնվո՞ւմ ենք հուսալի միջակայքում, թե ոչ:

«Արձանագրեցինք, որ 17.7 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարվել այս տարի, քան նախորդ տարի: Եվ դա համահունչ է այն տարեկան աճի ցուցանիշներին, որոնք մենք ունենք 2022-ի համար: Ինչու է կառավարությունը որպես հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ, հանրության հետ քննարկումներում առաջ բերում տնտեսական աճի ցուցանիշը, մի քանի պատճառներով: Որովհետև առաջին՝ նախ և առաջ տնտեսական աճը վկայում է  մեր բնակաչության կողմից ստեղծվող արդյունքի և դրա հաշվին եկամուտների ավելացման մասին»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ այդ 7 տոկոս տնտեսական նոր արժեքը ստեղծվում է հատկապես մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, որոնք ապրանքներ են արտադրում, արտահանում կամ ծառայություններ են մատուցում:

«Երկրորդ հարցն այն է, թե կառավարությունն ինչ անելիք ունի այդ 7 տոկոս տնտեսական աճը երաշխավորելու կամ դրան նպաստելու ուղղությամբ: Կառավարությունը տնտեսության շատ մեծ չափով խաղացողներից մեկն է: Մենք տարեկան 2 տրիլիոնը գերազանցող ծախսեր ենք կատարում, որոնց մի մասը սոցիալական նշանակության ծախսեր են, մի մասը՝ աշխատավարձային ծախսեր, մի մասը՝ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսեր: Եվ այդ բոլորը միասին նպաստում են, որ տնտեսական ակտիվություն առաջանա»,-ասաց նախարարը:

Խոսելով այնպիսի ծառայությունների մասին, որոնք տնտեսության մեջ նոր արժեք են ստեղծում, օրինակ կառավարության կողմից ճանապարհների, ջրամբարների կառուցում կամ տնտեսական ծրագրերի իրականացում, որոնք պետք է նպաստեն գյուղատնտեսության առանձին հատվածի ավելի արագ զարգացմանը՝ նախարարը կարևորեց այն, թե կառավարությունը որքան արագ է կազմակերպում այդ գնումը, որքան ճիշտ է մասնակիցներին բացատրում իր մտադրությունների մասին, որքան արդյունավետ է համագործակցում գնմանը մասնակից և հաղթած կազմակերպության հետ, որպեսզի աշխատանքը կատարեն ամբողջ ծավալով և ժամանակին:

«Այս բոլոր հարցերում մեր կազմակերպական անելիքները մասնավոր հատվածի հետ ուղիղ նպաստում են, որ այդ նախատեսված աշխատանքները  սկսվեն և ավարտվեն ճիշտ ժամանակին: Իսկ մենք նախատեսել ենք օրինակ, որ 2022-ի ընթացքում կապիտալ ծախսեր պետք է կատարենք մոտ 60 տոկոսով ավելի շատ, քան 2021-ին նախատեսված չափն է եղել, և դա արժեքով 350 մլրդ դրամը գերազանցող չափն է՝ ՀՆԱ-ի մոտ 4.5 տոկոսը: Նախորդ տարվա հետ համեմատած՝ դրանք շատ էական փոփոխություններ են՝ դրական իմաստով: Եվ պետք է կարողանանք այնպես կազմակերպել, որ ժամանակի առումով մնանք մեր կողմից նախատեսված սահմաններում:  Եվ այդպիսով է նաև, որ մենք պետք է նպաստենք, որ այդ տնտեսական աճը լինի այն չափով, որ չափով, որ նախատեսված է եղել: Եվ ես կարծում եմ, որ այդ բոլոր հարցերում ժամանակին որոշումների կայացումը և դրանց իրականացմանը հետևելը հենց այն անելիքն է, որ կառավարությունը պետք է ունենա իր առջև՝ բնականաբար չսահմանափակվելով միայն դրանով»,-ասաց նախարարը:

Իսկ թե արդյոք 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը տեղի կունենա, թե ոչ՝ Խաչատրյանը հիշեցնում է՝ բազմիցս առիթ են ունեցել ասելու, որ իրենք ուղղակի կանխատեսողներ չեն: «Կառավարությունը ոչ միայն կանխատեսում է, այլ ունի իր ստանձնած պարտավորությունները՝ դա կատարելու համար: Եվ մենք ոչ միայն կանխատեսում ենք, այլ ունենք գործիքակազմ, որով անում ենք ամեն ինչ, որ դա տեղի ունենա»,-ասաց նա:

Նախարարը, սակայն, չի բացառում, որ դա տեղի չունենա՝ հիշեցնելով  այն գործոնների մասին, որոնք կախված չեն կառավարությունից, հայաստանյան իրականությամբ: 

Ֆինանսների նախարարը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կրկին անցում՝ պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգին, խոսել պետական պարտքի, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման և այլ հարցերի մասին:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)