20.06.1975թ.-18.09.1990թ.
18.09.1990թ.-16.02.1993թ.
Ջանոյան Ջանիկ Արտաշեսի (1928-2010)
Ծնվել է 1928թ. հոկտեմբերի 20-ին Հայկական ԽՍՀ Ղուկասյանի շրջանի Վարդաղբյուր գյուղում:
1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1951-56թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Զորացրվելուց հետո 1956-58թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարարությունում: 1958-69թթ. պաշտոնավարել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի աշխատակազմում, ռեֆերենտից հասնելով մինչև խմբի ղեկավար: 1969-75թթ. եղել է Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի բնակչության կենցաղային սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման և առևտրի բաժնի վարիչ:
1975թ. նշանակվել է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարար և այդ պաշտոնը վարել 15 տարի: Հանդիսացել է ՀԽՍՀ կառավարության նախագահության անդամ: 1975-90թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմում: 1990-93թթ. նա եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության ֆինանսների առաջին նախարարը: 1993թ., իբրև պետական հանձնաժողովի համանախագահ, նա մեծ աշխատանք է կատարել ազգային արժույթի` հայկական դրամի ներդրման նախապատրաստման ու իրականացման համար: Նրան վիճակվել է իր ստորագրությունը դնել ՀՀ անդրանիկ թղթադրամներից առաջինի վրա:
2001թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով Ջ. Ջանոյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Նա արժանացել է նաև Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ԽՍՀՄ մեդալների, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրերի:
Ջանիկ Ջանոյանը մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին: